fbpx
Իրավական

Վեդու նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021 թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

«Այսպես. Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի՝ անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող և ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18 ք. մ և 20 ք. մ, 20 ք. մ և 20 ք. մ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, տվել է վերջինիս:

Այնուհետև Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առևտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ 2020 թվականի հունվարի 21-ին և 2020թվականի դեկտեմբերի 23-ին՝ շինարարության թույլտվություն:

Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր և որդու անվամբ Ծաղկաձոր և Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ