fbpx
Իրավական

Միհրան Պողոսյանը ուշացումով ներկայացրել է 2018-ի հայտարարագրերը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ուշացումով՝ հուլիսի 22-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան և պաշտոնը դադարեցնելու հայտարարագրերը: Օրենքով սահմանված վերջնաժամկետը մայիսի 31-ն էր:

Նախկին պատգամավորը 2018թ. հայտարարագրել է մոտ 648 մլն դրամ: Եկամուտների մեջ աշխատավարձը կազմում է 5 մլն 970 հազար դրամ, մնացածը գոյացել է գույքի օտարումից և արձակալության դիմաց ստացված վճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են 598 մլն դրամ և 152 հազար դոլար:

Միհրան Պողոսյանը 2018-ին 581 մլն 400 հազար դրամով վաճառել է իր հասարակական նշանակության շինություններից մեկը և 5 մլն դրամով օտարել արտադրական նշանակության շինությունը: Փոխարենը մոտ 21 մլն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 13 մլն դրամով RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE մակնիշի ավտոմեքենա:

Նախկին պաշտոնյայի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2019թ. հունվարի 14-ի դրությամբ, որպես եկամուտ հայտարարագրել է մոտ 115 հազար դրամ, իսկ ունեցած դրամական միջոցը կազմել է 598 մլն դրամ և 152 հազար դոլար:

Նշված օրվա դրությամբ ունեցել է 2 անհատական բնակելի տուն, 9 հասարակական նշանակության շինություն, մեկ ավտոտնակ և հողամաս: Իսկ որպես շարժական գույք հայտարարագրել է նախորդ տարի 13 մլն դրամով գնած RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE մակնիշի ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա հայտնաբերվել ՌԴ-ում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 8-ին «նախազգուշացում» վարչական տույժ էր կիրառել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ: Միհրան Պողոսյանի պաշտոնեական պարտականությունները, որպես պատգամավոր, դադարեցվել են այս տարվա հունվարի 14-ին: Սակայն, վերջինս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջին հակառակ՝ 30 օրվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2018թ. հայտարարագրել է մոտ 2 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ որպես դրամական միջոց նշել է 9 մլն դրամ:

Աղբյուրը՝ hetq.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ