Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների, որևէ նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Հայաստանն անմիջական ներազդեցություն ունի այդ պրոցեսների վրա: Հայաստանի Հանրապետությունն այս պահին պահանջատեր է և, քանի որ եռակողմ հայտարարության մի կողմը Հայաստանն է, իհարկե, իր պահանջն է ներկայացնում խաղաղապահ ուժերին, որպեսզի իրենց առջև դրված պարտականությունները կատարեն: Այդ է պատճառը, որ ռուս խաղաղապահները նշում են, որ գործընթացներում նաև ՀՀ մասնակցությունը կա»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական, բանակցությունների ճանապարհով փորձում է հարցը լուծել:
«Այս պահի դրությամբ, կարծում եմ, այլ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից: Ինչը հնարավոր է իրագործել, ամբողջ գործիքակազմով իրագործվում է»,- ասաց Արմեն Խաչատրյանը: