Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնի

Հրապարակող՝

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայում կմասնակցի Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է մայիսի 17-ից 20-ը: Նվագախումբը դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես կգա համերգով՝ կատարելով հայ և օտարազգի հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ:

Մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց՝ 2022-ին փառատոնն անցկացվում է «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հիմնադրման 30-ամյակի առթիվ: Ե՛վ անսամբլի, և՛ փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Յուրի Բաշմետն է:

Նա հիշեցրեց, որ 2022-ին նշվում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակները:

«Մայիսի 18-ի համերգին որպես մենակատար ելույթ կունենա դաշնակահար Սոնա Բարսեղյանը, իսկ մայիսի 19-ին կայանալիք հոբելյանական երեկոյին Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդես կգան մասնակից հինգ նվագախմբերը, այդ թվում՝ ՀՊԿՆ-ը: Կհնչեն հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործությունները»,-հայտնեց նա ու հավելեց՝ նման փառատոնները փորձի փոխանակման, այլ նվագախմբերի հետ համագործակցելու, կամերային երաժշտությունը, հայ կոմպոզիտորներին հանրահռչակելու հրաշալի հարթակներ են:

Փառատոնից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 30-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ համագործակցելով իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ: Կներկայացնեն «Բիթլսի» և Ֆրենկ Սինատրայի լավագույն ստեղծագործությունները, որոնց գործիքավորումն իրականացրել է իտալացի տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին: Կլինեն համագործակցություններ նաև այլ երաժիշտների և կոմպոզիտորների հետ:

Ամենաթարմ