fbpx
Աշխարհ

Միջնորդություն է ներկայացվել Կարո Փայլանին և նրա կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություններ է ուղարկել խորհրդարան (մեջլիս): Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։

Միջնորդություններն ուղարկվել են Թուրքիայում տեղի ունեցող տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին:

44 միջնորդությունից 39-ը վերաբերվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: Նրանց շարքում է նաև Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը և ԺԴԿ-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին ու Փերվին Բուլդանը:

Նկատենք, որ Կարո Փայլանի նկատմամբ Անկարայի և Դիրաբեքիրի դատախազություններում սկսված առանձին հետաքննությունների մասով ավելի վաղ նրան անձեռնմխելիությունից զրկելու 2 միջնորդություն արդեն ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: Հայ պատգամավորի վերաբերյալ հետաքննություններն իրականացվում են Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ (Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը և դրա կառույցները վիրավորելը) և 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելը) հոդվածների շրջանակներում:

Մյուս 5 միջնորդություններից 3-ը վերաբերում են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներին, ընդ որում նրանցից մեկը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է:

Մեկ միջնորդություն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորի վերաբերյալ է, մեկն էլ` «Թուրքիայի բանվորական կուսակցության» (TİP-ԹԲԿ) պատգամավորի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ