Մետլոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատը, արդեն Հայաստանում են: Երևանում են նաև մետրոյի «Գործարանային» կայարանի համար նախատեսված երեք շարժասանդուղքները, դրանց փոխարինման աշխատանքներն սկսվել են. «Մինչև դեկտեմբերի 25-26-ը երեք շարժասանդուղքները փոխարինված կլինեն»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ավտոբուսներում միասնական տոմսային համակարգի փուլային անցման մասին, որը ենթադրում է նոյեմբերի 1-ից համակարգի տրամաբանության որոշակի փոփոխություն։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ ըստ այդ հանձնարարականի՝ «Ավտոբուս ՓԲԸ»-ի հետ նախատեսվում է իրականացնել միասնական տոմսային համակարգի փուլային տարբերակի ներդրում։ Ավինյանը հանձնարարեց քննարկել ծրագրի իրատեսականությունը և զեկուցել։