Զիմբաբվեում սրվում է քաղաքական ճգնաժամը՝ իշխող «Զանու-ՊՖ» կուսակցության կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների պատճառով։ Օրինագիծը նախատեսում է վերացնել նախագահական ընտրությունները և նախագահի ու խորհրդարանի պաշտոնավարման ժամկետը հինգից հասցնել յոթ տարվա։ Այս փոփոխությունների ընդունման դեպքում նախագահ Էմերսոն Մնանգգվան հնարավորություն կստանա մնալ պաշտոնում մինչև 2030 թվականը՝ շրջանցելով 2013 թվականի սահմանադրությամբ ամրագրված երկու ժամկետի սահմանափակումը։
Ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ նախկին ֆինանսների նախարար Թենդայ Բիտին, տեղի ունեցողը որակել են որպես «դանդաղ հեղաշրջում»՝ նշելով, որ իշխանությունները հետևողականորեն քանդում են երկրի ժողովրդավարական հիմքերը։ Հարարեում անցկացված հանրային լսումները վերածվել են բախումների, իսկ ընդդիմադիրները հայտնում են ոստիկանական ճնշումների և իրենց հանդիպումների արգելափակման մասին։ Իշխող կուսակցությունը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ փոփոխություններն անհրաժեշտ են ընտրական գործընթացների հետ կապված ծախսերը և բռնությունները նվազեցնելու համար։

