Եթե չվերականգնվի Հադրութը, հայ ազգը պետք է արդեն իր ապագայի մասին մտածի

Հրապարակող՝

Լևոն

Ամենադիտվածներ

Արցախից տեղահանվածները այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք շարունակում են բարձրացնել Արցախի կարգավիճակի ու իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցերը։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում բարձրացրեց դեօկուպացիայի հարցերը։

«Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ ես հասկանում եմ ոչ թե Մեղրին, Գորիսը, Սիսիանը, այլ Հադրութը։ Եթե չվերականգնվի Հադրութը, հայ ազգը պետք է արդեն իր ապագայի մասին մտածի, ոչ թե փախստականների մասին։ Մենք մեր հարցերը թողնում ենք ուրիշներին լուծելու, քայլ չենք անում։ Մեր հարցը Հադրութը հայությանը վերադարձնելն է, մեզ այնտեղ վերադարձնելը՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության տակ։ Նախքան այդ հարցերը լուծելը, մեր պահանջներից մեկը փախստականի կարգավիճակի հարցն է, որը փորձում են տարբեր ձևերով լղոզել։ Մեկն ասում է՝ բռնի տեղահանված, մյուսը՝ հարկադիր տեղահանված։ Կամ ասում են՝ ներքին տեղահանված, իսկ այդ դեպքում ստացվում է, որ Հադրութը Հայաստանի մաս է։ Կամ ՀՀ-ն թող հայտարարի, որ Հադրութը Հայաստանի մաս է, թեկուզ օկուպացված, և մենք համաձայնվենք ներքին տեղահանվածի կարգավիճակին, կամ թող հայտարարեն, որ Արցախն անկախ է, հետևաբար, մենք այստեղ այլ պետությունից ենք տեղափոխվել։ Եթե իշխանությունները դրսում կարողանում են ներկայացնել, որ ունենք փախստականներ, ինչո՞ւ ներսում այդ մասին օրենք չեն ընդունում»,- հայտնեց Լևոն Հայրյանը։

Անդրադառնալով բնակարանային ապահովման հարցերին՝ Հայրյանը նշեց, որ փախստականների համայնքները բաժանել են մի քանի մասի, Քարվաճառից ու Քաշաթաղից տեղահանվածներին բնակարաններ են հատկացնելու Հայաստանում։ «Հադրութից ու Շուշիից տեղահանվածներին ասում են՝ դուք այնպայման պետք է վերադառնաք Արցախի այլ շրջաններ, մեծամասամբ Ասկերանի շրջանում ու Ստեփանակերտում բնակարաններ են կառուցվում։ Սա մեզ մոտ վատ ասոցիացիներ է առաջացնում, այսինքն՝ ուզում են մեզ այնտեղ տեղավորելով՝ մոռացնել տան Հադրութը: Սա մեզ հուշում է, որ քաղաքական առումով փորձում են հադրութեցիներին ու շուշեցիներին մոռացնել տալ իրենց ծննդավայրը»,- ասաց նա։

 

Ամենաթարմ