Apple ամերիկյան կորպորացիան արդեն մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման (ԾԱ) կողմնակի մշակողներին կարող Է հնարավորություն ընձեռել՝ ստեղծելու համապիտանի հավելվածներ, որոնք կաշխատեն ընկերության կողմից թողարկվող բոլոր հիմնական սարքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
«Marzipan կոդային անվանումը կրող բազմաստիճան նախագծի վերջնական նպատակն Է՝ մինչև 2021 թվականը մշակողներին հնարավորություն ընձեռել ստեղծելու մեկ հավելված, որը կաշխատի ինչպես iPhone և iPad սարքերի, այնպես Էլ MacBook և iMac համակարգիչների վրա»,-գործակալությունը մեջբերում Է Apple-ի այս նախաձեռնությանը ծանոթ մասնագետի խոսքը:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, նախագծի հաջող իրագործումը պետք Է բերի ԾԱ-ի ավելացման, որը կողմնակի մշակողներն ստեղծում են Apple-ի համար: Սպասվում Է նաև, որ կընդլայնվի այն սարքերի օգտագործումը, որոնք թողարկվում են ամերիկյան ընկերության կողմից: Ընդ որում՝ անցյալում կմնա ժամանակի այն շոշափելի տարբերությունը, որն առկա Է շարժական գաջեթների համար (iOS օպերացիոն համակարգ) և համակարգիչների համար (macOS օպերացիոն համակարգ) հավելվածների թողարկման միջև:
Ներկայում կողմնակի մշակողներին հարկ Է լինում ստեղծել իրենց հավելվածների երկուական տարբերակ՝ iOS-ի և macOS-ի համար: Դա նրանցից քիչ ռեսուրսներ չի խլում և արգելակում Է նոր ծրագրային պրոդուկտների շուկա դուրս գալը:
1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ և բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: 2018 թվականի օգոստոսին նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցել Է 1 տրիլիոն դոլարը, սակայն այնուհետև նվազել Է և ներկայում կազմում Է 800 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: