Մթնոլորտում ածխաթթու գազի ծավալը ավելացել է Արկտիկայի հրդեհների պատճառով

Ամենադիտվածներ

Արկտիկայում հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբին հասել է 50 մլն տոննայի։ Դա ավելին է, քան СО2-ի արկտիկական բոլոր հրդեհների հանրագումարային արտանետումները, որոնք տեղի են ունեցել 2010-2018 թվականներին։ Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):

Ինչպես Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՀՕԿ ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, արտասովոր շոգ և չոր եղանակը Հյուսիսային կիսագնդի շրջաններում նպաստել է հրդեհներին՝ Միջերկրածովից մինչև Արկտիկա։

«Կլիմայի փոփոխությունը՝ բարձրացող ջերմաստիճանով և տեղումների բնույթի տեղաշարժերով, ավելացնում է ամառային հրդեհների ռիսկը և երկարացնում սեզոնը, որի ընթացքում դրանք տեղի են ունենում»,- պարզաբանել է նա։

Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով գրանցվել է ավելի քան 100 հրդեհ, երկրագնդի մթնոլորտ, ՀՕԿ տվյալներով, արտանետվել է 50 մեգատոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է Շվեդիայում տարեկան արտանետումների ծավալին։

Հրդեհները սովորական երևույթ են Հյուսիսային կիսագնդում մայիսից հոկտեմբերին, ասել է Նյուլիսը, բայց այս տարի դրանց աշխարհագրական լայնությունն ու ինտենսիվությունը, ինչպես նաև շարունակականությունը առանձնապես արտասովոր են։ Հրդեհներն ամենից ուժեղ եղել են Ալյասկայում և Սիբիրում, որտեղ որոշ օջախների մակերեսը հասել է մոտ ֆուտբոլի 100 հազար դաշտի։ Կանադայի Ալբերտա նահանգում հրդեհներից մեկի մասշտաբը գերազանցել է 300 հազար ֆուտբոլի դաշտը։

2019-ի սկզբին Ալյասկայում տեղի է ունեցել գրեթե 400 հրդեհ։ Հուլիսի 4-ին այստեղ ջերմաստիճանը եղել է ռեկորդային՝ Ցելսիուսի 32 աստիճան։ Սիբիրում տեղ-տեղ միջին ջերմաստիճանը հունիսին 10 աստիճանով ավելի բարձր է եղել միջինից՝ 1981-2010 թվականների համեմատ։

ՀՕԿ-ում ասել են, որ երկրագնդի հյուսիսային հատվածն ավելի արագ է տաքանում, քան ամբողջ մոլորակն ընդհանուր առմամբ, և դա հանգեցնում է անտառների չորացման՝ դրանք ավելի խոցելի դարձնելով հրդեհների համար։

Ինչպես նշել է Նյուլիսը, ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ նպաստում են գլոբալ ջերմացմանը։ Մեծ հրդեհների պատճառով 2014-ին Կանադայում այդ գազի արտանետումները գերազանցել են 103 մլն տոննան։ ՀՕԿ պաշտոնական ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել Արկտիկայում շրջակա միջավայրի փխրունության վրա, որն ավելի արագ է ջերմանում, քան մյուս շրջանները։ Սառույցին նստող ծխի մասնիկները առաջ են բերում արևի ճառագայթների կլանում, ինչն արագացնում է ջերմացումն Արկտիկայում։ Բացի դրանից՝ հրդեհներն ավելացնում են հավերժական սառածության հալչելու ռիսկն ապագայում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեթանի առաջացման, որը, ինչպես և СО2-ն, ջերմոցային գազ է։

Ամենաթարմ