ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ռուսական գործի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև:
Մյուլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Զեկույցում մանրամասներ են ներկայացվում մեր ընտրություններին միջամտելու Ռուսաստանի բազմաթիվ ջանքերի մասին… Եղել են ընտրություններին միջամտելու համակարգված փորձեր: Սա պահանջում է յուրաքանչյուր ամերիկացու ուշադրությունը»,- ասել է Մյուլլերը:
Հատուկ դատախազը նաև նշել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ ներկայացնելը: Ռոբերտ Մյուլլերի խոսքերով՝ դա հակասահմանադրական է, քանի դեռ Թրամփը զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Ռոբերտ Մյուլլերը, սակայն, չի արդարացրել Թրամփին:
«Եթե մենք վստահ լինեինք, որ նախագահը հանցանք չի գործել, ապա այդպես էլ կասեինք»,- հայտարարել է հատուկ դատախազը:
Հենց այս խոսքերը մեջբերելով՝ Թրամփի քննադատները պնդում են, որ Կոնգրեսում պետք է լսումներ սկսվեն նախագահին պաշտոնանկ անելու հարցով:
Իսկ Դոնալդ Թրամփը Մյուլլերի ելույթից հետո գրառում է արել թվիթերյան իր էջում:
«Մյուլլերի զեկույցից ոչինչ չի փոխվում: Բավարար փաստեր չկան, հետևաբար, մեր երկրում, մարդն անմեղ է: Գործը փակված է: Շնորհակալություն»: