Կառավարության հերթական նիստի օրակարգը սպառելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ ծրագրեր կան Կովկասյան ընձառյուծի վերարտադրության հետ կապված: Թեման ծագեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնեցին Խոսրովի անտառում տեղադրված գաղտնի տեսախցիկների կադրերը, այնտեղ երևում է Կովկասյան ընձառյուծը:
«Չորեքշաբթի նախատեսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության և կլիմայի նախարարի հետ կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր ստորագրել: Նրանք շատ լավ փորձ ունեն, որոշ կենդանատեսակներ, որոնք վերացման եզրին են եղել, մեծ ծրագրեր են իրականացրել, մասնավորապես աֆրիկյան երկրներում: Նրանց նախարարն է առաջարկել, որ համագործակցենք այդ շրջանակում», – ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում ընդհանրապես չկա խոշոր կատվազգի: Կովկասյան ընձառյուծի հիմնական պոպուլյացիան Իրանում է: Վերջերս էլ Կովկասյան ընձառյուծի հայտնաբերեցինք Հայաստանում:
Այնուհետև Փաշինյանը դիմեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ շեշտելով, որ պետք է համառորեն պայքարել որսագողության դեմ:
«Բնության պահպանության հարցում մենք առանձնակի նախանձախնդիր դիրքորոշում ենք ունենալու», – ասաց Փաշինյանը:
Հայտնում է shantnews.am-ը։