Աստղանավորդ Մայքլ Ֆինքը CST-100 Starliner հեռանկարային տիեզերանավով առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի Էրիկ Բոուի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NASA) հունվարի 22-ին հայտնել է իր կայքում:
«Բոուն չի կարողանա թռիչքը կատարել բժշկական ցուցմունքներով»,-պարզաբանվում է NASA-ի կայքում: Անձնակազմի նոր անդամը՝ Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ֆինքը, «անհապաղ ձեռնամուխ կլինի վարժանքներին», ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նրա համար այս տիեզերական թռիչքը կդառնա չորրորդը:
Վերջին անգամ Ֆինքը տիեզերքում է գտնվել 2011 թվականի մայիսին՝ եզրափակիչ առաքելություններից մեկը կատարելով տիեզերական «մաքոքների» ծրագրով: 2013 թվականից նա աշխատել է որպես NASA-ի կոմերցիոն օդաչուավոր տիեզերանավերի ծրագրի պետի տեղակալ, որի նպատակն ամերիկյան ապարատներով թռիչքների վերսկսումն Է տիեզերք: Անձնակազմի մնացած երկու անդամները՝ Քրիս Ֆերգյուսոնը եւ Նիկոլ Ամապու-Մանը, շարունակում են վարժանքները: Երկու աստղանավորդներն էլ առաքելության նախապատրաստմանը ներգրավվել են 2018 թվականի օգոստոսին: Starliner-ի օդաչուավոր թռիչքը նախնական կարգով նշանակված է օգոստոսին: Դրան պետք Է նախորդի անօդաչու արձակումը, որը պլանավորված է մարտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: