Ընդդիմության քաղաքական անադեկվատությունը ընտրություններից առաջ

Հրապարակող՝

,

Ընդդիմության քաղաքական անադեկվատությունը ընտրություններից առաջ

Ամենադիտվածներ

Հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքական դաշտը մտել է սրված դիրքավորման փուլ, որտեղ յուրաքանչյուր միավոր փորձում է ձեւավորել առավել շահավետ պատկեր հանրության աչքում։ Սակայն վերջին երկու–երեք ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դիրքավորվող քաղաքական միավորների զգալի մասը գործում է ոչ թե նախաձեռնող, այլ ռեակտիվ տրամաբանությամբ՝ արձագանքելով արդեն ձեւավորված օրակարգերին եւ չկարողանալով առաջարկել ինքնուրույն քաղաքական հակադրություն գործող իշխանությանը։ Այս իրավիճակում ընդդիմադիր խոսքը հաճախ դառնում է ոչ թե քաղաքական մրցակցության գործիք, այլ սեփական թուլության արտահայտում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը այդ վարքի ամենաբացահայտ օրինակներից էր։ Իշխող ուժը կարողացավ այցի շուրջ կառուցել իր նախընտրական նարատիվը՝ օգտագործելով սիմվոլիկ, արարողակարգային եւ հաղորդակցական բոլոր բաղադրիչները։ Ընդդիմադիր խմբերն ու միավորները, սակայն, այդ ընթացքում չկարողացան ձեւակերպել համարժեք քաղաքական հակադարձում կամ այլընտրանքային օրակարգ։ Փոխարենը՝ քաղաքական դիսկուրսը տեղափոխվեց երկրորդական շերտեր, որտեղ բովանդակային հարցադրումները հետին պլան մղվեցին։

Վենսի այցի շուրջ ծավալված բանավեճը ցույց տվեց, թե որքան հեշտ է քաղաքական քննարկումը շեղվում բովանդակությունից, երբ բացակայում է հստակ քաղաքական օրակարգը։ Այդ դեպքում նույնիսկ առկա փաստերն ու իրադարձությունները դառնում են ոչ թե վերլուծության հիմք, այլ աղմուկի առիթ, ինչը հանրության աչքում արժեզրկում է ընդդիմադիր խոսքի լրջությունը։ Քաղաքական քննադատությունը, զրկվելով համակարգված մտքից եւ նպատակային ձեւակերպումից, սկսում է ընկալվել որպես ինքնանպատակ աղմուկ։

Նույն տրամաբանությամբ ընթացավ նաեւ Վենսի հայտարարությունների շուրջ առաջացած թարգմանական վեճը։ Երբ ընդդիմադիր խոսքի կենտրոնում հայտնվում են բառերի օգտագործման կամ ձեւակերպումների տեխնիկական նրբությունները, առանց դրանց քաղաքական իմաստը բացելու, հանրության համար այդ քննադատությունը դառնում է դժվար ընկալելի եւ ոչ համոզիչ։ Թարգմանական սխալը կամ ձեւակերպման անճշտությունը ինքնին դեռ քաղաքական դիրքորոշում չէ, եթե այն չի կապվում լայն քաղաքական հետեւանքների եւ առաջարկվող այլընտրանքների հետ։

Անադեկվատության նույն դրսեւորումն ունեցավ նաեւ ԱՄՆ–Հայաստան միջուկային համագործակցության շուրջ ֆինանսական ծավալների թեման։ Այստեղ ակնհայտ է, որ վերջնական եւ միանշանակ պատասխաններ այս պահին պարզապես չկան՝ խոսքը ներդրումի՞, արտահանմա՞ն, երկարաժամկետ սպասարկման պայմանագրերի՞, թե տարբեր ֆինանսական հոսքերի համադրությա՞ն մասին է։ Սակայն ընդդիմադիր մի շարք գործիչներ այդ անորոշությունը օգտագործեցին որպես կտրուկ եւ միանշանակ քննադատության հիմք՝ կամ ուռճացնելով թվերը, կամ ամբողջությամբ զրոյացնելով դրանց նշանակությունը։ Արդյունքում այդ խոսքը դարձավ հեշտ խոցելի եւ կախված հետագա ճշգրտումներից։

Այս ամբողջ պատկերը ցույց է տալիս, որ ընդդիմադիր միավորների հիմնական խնդիրը ներկայում ոչ այնքան գաղափարների պակասն է, որքան քաղաքական ադեկվատության բացակայությունը։ Հանրությունը չի սպասում հուզական արձագանքների, երկրորդական վեճերի կամ աղմկահարույց ձեւակերպումների։ Ընտրություններից առաջ պահանջարկը մեկն է՝ սթափ գնահատականներ, փաստերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք եւ կառուցողական քաղաքական օրակարգ։ Առանց դրա ընդդիմադիր դաշտը ոչ միայն չի կարողանում շահել հանրության վստահությունը, այլեւ սեփական վարքով թուլացնում է քաղաքական մրցակցության որակը ընդհանրապես։

Ամենաթարմ