Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
«Հատկանշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:
«Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը:
Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը», – ասված է հաղորդագրության մեջ: