Հուլիսի 22-ին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդել է, որ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
- Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին հայ գերիների վերադարձի հարցում ունեցած դերակատարության համար
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
