fbpx
Խորհրդարան

Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթն ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ:

« Ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ որպես նախկինում ասվածի ամփոփում պիտի ասեմ հետևյալը: 2018 թվականը բյուջետային առումով, թուլ տվեք ասել, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. 2018 թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նախագահի 1 փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և ի վերջո տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:

Եվ այդ տարվա արդյունքում ի՞նչ ունենք մակրոտնտեսական առումով: Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում դրել էր 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Եվ բյուջետային առումով ի՞նչ խնդիր կա. պետական բյուջեն, կառավարությունը 2018 թ.-ի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եվ եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն:

Ընդ որում՝ միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում՝ կիսանախագահականից դեպի խորհրդարանական: Այս առումով, կներեք արտահայտությանս, այլ կերպ կառավարության աշխատանքը, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել: Եվ սա ցույց է տալիս նաև այն միտումները, որոնք ունենք այս տարի: Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը, ինչքան հիշում եմ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով: Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թ.-ին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ: Ես ասում եմ՝ խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է, և տնտեսությունը ռեցեսիայի առնվազն տևական փուլ չի մտել:

Հիմա ես ուզում եմ, այնուամենայնիվ, անդրադառնալ մի շարք ընկալումների և կարևոր սկզբունքային նշանակություն ունեցող քննադատությունների: Օրինակ՝ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող ես շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ:

90-ականների սկզբին իմ աչքի առաջ էր և իմ հոդվածներում արտահայտված են, թե մի քանի պարզապես փայլուն և ռազմավարական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել, միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները: Եվ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո՛, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»:

Շարունակությունը՝ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ