Վաղարշապատում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները։ Ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի արդյունքներով առաջին տեղում հայտնվեց Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (15 298 ձայն), երկրորդ տեղում՝ «Հաղթանակ» դաշինքը (10 051 ձայն), երրորդ տեղում՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը (1 692 ձայն)։
Այս ընտրություններն ինչպես իշխող կուսակցության համար, այնպես էլ ընդդիմադիր տարբեր ճամբարների համար դարձան լուրջ գնահատականների առիթ։ Բնականաբար, ներկա վարչախմբի համար այն դարձավ լեգիտիմ հիմք՝ շարունակելու համար Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու գործընթացը ու չշեղվելու համար այն միայն «Հայաստանյայց» եկեղեցի դարձնելու իր ճանապարհից։
Ողջամիտ մարդկանց համար, սակայն, այս ընտրությունների արդյունքները վկայությունն էին այն բանի, որ ընդդիմադիր նման թիմերով ու նման ընտրապայքարով երբեք հնարավոր չէ ազդել քաղաքական կյանքի ու ընտրությունների միջոցով ձեւավորվող Հայաստանի քաղաքական համակարգի վրա։
Իհարկե ճիշտ են այն պնդումները, որ Վաղարշապատում քվեարկողների ավելի քան 20 % ձայները «փոշիացան» միայն այն պատճառով, որ տրվել էին այն ուժերին, որոնք 4 %-ի անցողիկ շեմը չհաղթահարեցին։ Այս ձայները բաշխվեցին անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջեւ։ Դրա արդյունքում ամենաշատ ձայները կրկին գնացին իշխող վարչախմբին։ Շատերն անգամ նկատեցին, որ նույն պատկերն է եղել նաեւ 2021 թ․ ընտրություններում։
Ուստի ի՞նչ կարելի է ասել ընդդիմադիր շրջանակներին։
Գաղափարական նույն դաշտում գործող բոլոր այն միավորները, որոնք 2026 թ․ կգնան ընտրությունների՝ միայնակ կամ ձեւական փոքր դաշինքներ կազմելով, իրականում ներկա վարչախմբին օգնելու են վերարտադրվել։ Հենց այսօր է պետք այդ միավորներին զգուշացնել, որ եթե չեն հաղթահարելու նվազագույն շեմը, ապա իրենք դառնալու են հայ ժողովրդի թշնամին։ Այդ իսկ պատճառով նրանք պարտավոր են գնալ միավորման այլոց հետ՝ մեծ դաշինքների կազմ մտնելով։
Հասկանալի է, որ խոշոր դաշինքներում համախմբվելու գործում կա ամենից կարեւոր խնդիրը՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն։ Ազնիվ ու խարիզմատիկ լիդերի բացակայությունը, իհարկե, խոչընդոտում է որպեսզի կայանան նման մեծ դաշինքները։ Սակայն այդ գործում հաջողելու համար կա արդյունավետ մի մեխանիզմ, որից համառորեն չեն ուզում օգտվել ընդդիմադիր միավորները։ Խոսքը հանրային նախընտրության մեխանիզմնի մասին է, որը ընդդիմադիր միավորներին հնարավորություն է տալիս նախ իրենց շրջանում կատարել ժողովրդավարական նախընտրություն եւ դրանից հետո միայն մտնել ընտրական գործընթացի մեջ՝ ունենալով առավել մեծ վստահություն վայելող վարչապետի թեկնածու։
Հարկ է նկատել, որ եթե ընդդիմադիր դաշինքները գտնեն ընդդիմադիր փոքր միավորներին դաշինքի մեջ ներառելու ճանապարհը, ապա դա հանրային մեծ վստահություն կհաղորդի իրենց գործին։ Դա ցույց կտա, որ կան դաշինքներ, որտեղ քաղաքական դաշտի տարբեր միավորները կարողանում են նստել մի սեղանի շուրջը եւ համագործակցել իրար հետ՝ առանց կորցնելու սեփական «ես»-ը։ Այս գործում կարեւոր է, որպեսզի քաղաքական միավորներն ու գործիչները մի կողմ թողնեն իրենց թիմային ու անձնական ամբիցիաները եւ սկսեն համագործակցել մեծ դաշինքների կազմավորման շուրջ։

