Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների երեկ կասեցված ապամոնտաժման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը այսօր վերսկսել է։
Քաղաքապետարանի գործողություններն այսօր էլ դիմադրության ալիք են առաջացրել: Սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց են սկսել՝ փակելով Մաշտոցի պողոտան: «Թո-ղեք աշ-խա-տենք»,- վանկարկում են նրանք: Իրավիճակը լարված է: Այնտեղ են գտնվում մեծ թվով ոստիկաններ: Նրանք փորձում են ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցից՝ վերականգնելու երթևեկությունը:
Երևանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ Օպերային թատրոնին ամենամոտը գտնվող սրճարանները պետք է ապամոնտաժվեն և տարածքը կանաչապատվի: Դեկտեմբերին համապատասխան ծանուցում էր ուղարկել տնտեսվարողներին, որոնք վարձակալելով համայնքային տարածքները՝ սրճարանային բիզնես են իրականցնում: