fbpx
Երևան

Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու. Հայկ Մարության

Ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Օպերայի շենքի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման գործընթացին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց, որ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, ինչը գուցե հիմք է տալիս ենթադրելու, որ տարբեր ուժեր կամ անձինք փորձում էին գործընթացին այլ երանգ տալ։

Հարցին՝ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կհասնե՞ն նաև Օղակաձև այգի, Հայկ Մարությանը դրական պատասխան տվեց։

«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին՝ Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք», – ասաց նա:

Լրագրողները Հայկ Մարությանից նաև հետաքրրքվեցին՝ չի մտահոգվո՞ւմ, որ իր այս գործողություններով, ի դեմս տնտեսվարողների, թշնամի է ձեռք բերում։

«Ճիշտն ասած, եթե մտահոգվեի, չէի գա այս աշխատանքին։ Մենք ուղղակի քաղաքականություն ենք գծում և գնում առաջ», – նշեց Մարությանը։

Լրագրողները նաև հետաքրրքվեցին՝ ինչու սրճարանների ապամոնտաժման հարցը հանրային քննարկման չդրվեց։ Քաղաքապետը պատասխանեց՝ որովհետև դրա կարիքը չկար, բացի այդ հանրային պահանջն ակնհայտ էր։

«Նաև դատական գործընթացներ են լինելու»,- ասաց Մարությանը՝ հավելելով, որ իրենց կողմից նյութեր են պատրաստվել և փոխանցվել իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է օրինակ պատահել, որ Դավիթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի մի մասը պատկանում է ինչ-որ անձանց, նույնը՝ մեկ գրադարանի և մեկ մարզադաշտի մասով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ