Օպերային հարակից տարածքը վերականգնվելու է իր բնորոշ կերպարով՝ սիզամարգերով և համապատասխան ծառերով, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում հողային աշխատանքներ կիրականացվեն, տարածքները կգազոնապատվեն և կբարեկարգվեն։
«Այսօր համացանցը հնարավորություն է տալիս տեսնելու Օպերայի շրջակայքի նախկին լուսանկարները, կանաչապատման ծավալները և վերականգնել դրանք։ Մենք կատարելու ենք կանաչի վերականգնման աշխատանքներ։ Մակերեսները կհարթեցվեն, կտնկվեն խոտի սերմեր և համապատասխան ծառատեսակներ։
Կանաչապատ մակերեսը կարելի է վերականգնել մեկ սեզոնի ընթացքում, իսկ ծառատեսակները, որոնք նախատեսվում է տնկել, 6-7 տարի հետո կունենան սաղարթ։ Խոսքն ընդհանուր առմամբ 1 հա տարածքի մասին է՝ Օպերայի ներքին կիսալուսնաձև հատվածում», – ասաց Խաչիկ Հակոբյանը։