Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ:
«Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը: