Սիրիայում վերջին օրերի զարգացումները դարձան Մերձավոր Արեւելքում տերությունների գլոբալ նոր վերադասավորումների արտացոլումը։ Քրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի (Քոբանիի) հայտարարությունը Դեյր Հաֆիրից եւ Մեսկենեից զորքերի դուրսբերման մասին, ինչպես նաեւ շուրջ երկու շաբաթ տեւած մարտերից հետո կնքված հրադադարը, որին հետեւեց քրդական ուժերի ետքաշումը Եփրատի ձախափնյակից ու հատկապես Ռաքքայի հանձնումը Ահմադ ալ-Շարայի գլխավորած սիրիական կառավարական ուժերին, փաստում են, որ ուժային կենտրոնները նոր սահմաններ են գծում իրենց ազդեցության ծավալման համար։ Առավել խոսուն են որպես իր որոշման շարժառիթ ներկայացված Մազլում Աբդիի` «բարեկամ երկրների և միջնորդների կոչերի հիման վրա» խոսքերը, որով նա փորձեց հիմնավորել կամ արդարարացնել իր հրամանատարության տակ գտնվող զինված ուժերի ետքաշումն այն տարածքներից, որոնք արդեն տարիներ շարունակ «սիրիական Քրդստանի» մաս էին դարձել։
Թեեւ այդ զարգացումները վերջին օրերին ներկայացվում են որպես խաղաղության եւ ինտեգրման գործընթաց, իրականում դրանք արտացոլում են քրդական գործոնի ճնշված վերաձեւումը եւ Դամասկոսի վերահսկողության աստիճանական վերականգնումը ռազմավարական տարածքների, սահմանային անցակետերի եւ նավթագազային հանքավայրերի նկատմամբ։
Քրդերը, որոնք վերահսկում են Սիրիայի եւ Իրաքի զգալի հատվածներ եւ ունեն տարածաշրջանային ցանցային կապեր, երկար ժամանակ ծառայել են որպես ազդեցության լծակ մեծ տերությունների համար։ Սակայն նոր աշխարհակարգի ձեւավորման պայմաններում, որտեղ փոքր պետությունների ինքնիշխանությունը նահանջում է «ազդեցության գոտիների» տրամաբանության առաջ, Թուրքիան փորձում է իր դերը հաստատել նախկին օսմանյան տարածքներում։ Սիրիայում ընթացող գործընթացները Անկարայի համար ոչ միայն արտաքին քաղաքական ծավալման կոնկրետ դրսեւորումներն են, այլ նաեւ ներքին փորձադաշտ՝ Էրդողանի նախատեսվող նոր սահմանադրության գաղափարական հիմքերի փորձարկման համար, որը ենթադրում է դաշնային-կայսրական կառավարման մոդել եւ նոր տարածքային հավակնությունների լեգիտիմացում։
Միեւնույն ժամանակ Դամասկոսի կողմից քրդերի լեզվական եւ մշակութային իրավունքների պաշտոնական ճանաչումը՝ ներառյալ քրդերենին պետական կարգավիճակ տալու եւ Նոր տարին ազգային տոն հայտարարելու քայլը, թվում է, թե պատմական նշանակության ձեռքբերում է։ Սակայն այդ ճանաչումը գալիս է ինքնավարության մոդելի փաստացի լուծարման գնով, ինչը քրդական ուժերի համար լուրջ քաղաքական զիջում է։ Չնայած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ղեկավարությունը հայտարարում է, որ կառույցը չի լուծարվում եւ շարունակում է պաշտպանել իր տարածքները, ակնհայտ է, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է ոչ իրենց օգտին։
Այս համատեքստում բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Սիրիայի նոր համաձայնագրերը կհանգեցնեն իրական համերաշխության, թե կդառնան հերթական փուլը տարածաշրջանի կայսրական վերաձեւումների շղթայում։ Իսկ եթե Միացյալ Նահանգները իսկապես վերադառնան մեկուսացման քաղաքականությանը, ապա Իսրայելի եւ քրդական գործոնի ապագան կարող է դառնալ նոր, ավելի վտանգավոր ճգնաժամերի մեկնարկային կետ։

