fbpx
Հասարակություն

ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է`

– Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,

– Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

– Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,

– Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

– Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Տեսչական մարմինը նշում է, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը (պտոզ), բբերի լայնացումը (միդրիազ), կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ