fbpx
Հասարակություն

Փանիկում ուժեղ քամին ավերել է դպրոցի նորակառույց մարզադահլիճի տանիքը

Շիրակի մարզի Փանիկ համայնքում ուժեղ քամին ավերել է դպրոցի նորակառույց մարզադահլիճի տանիքը: Գրեթե ամբողջությամբ վայրկյանների ընթացքում վեր է հանել այն և նետել մի կողմ:

Փանիկի վարչական ղեկավար Գևորգ Շախնազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում կարճ ձևակերպում է. «Պտտահողմ էր, էպիկենտրոնն էլ էդտեղ էր հենց»:

Ամբողջական պոկված տանիքը քամին 100-150 մետր շպրտել, կտրել է հոսանքի լարերը, կոտրել հարակից տների ցանկապատերը, վնասել գիշերային լուսավորության համակարգը:

Այսօր արդեն պոկված տանիքի հետևանքները վերացված են, սակայն, թե ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը 3 տարի առաջ շահագործված մարզադահլիճն այդ վիճակում է հայտնվել, քննարկման առարկա է:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ աշխատանքներն իրականացվել են Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Ե՛վ աշխատանքի կազմակերպումն են իրենք իրականացրել, և՛ հսկողությունը:

Այս պահին հանձնարարվել է խնդրին ժամանակավոր լուծում տալ: «Մոտ 250 քմ մակերեսի մասին է խոսքը, բայց թե ի՞նչ ծավալի աշխատանք է նախատեսվում, մինչև չուսումնասիրենք, հնարավոր չէ ասել: Նոր հանձնված կառույց էր, տեսնենք՝ ի՞նչն է խնդիրը, ըստ այդմ էլ կշարժվենք: Նախագիծ է երևի պետք կազմել»,- նշում է Խնձրցյանը:

Ժամանակավոր լուծում ասվածը, ըստ Փանիկի վարչական ղեկավարի, պոլիէթիլենով ծածկելն է, որպեսզի անձրևաջրերը չլցվեն ներս: Շախնազարյանը նկատում է՝ շենքը տիպային նոր կառույց է, չեն ուզում՝ վնասվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ