Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, ի պատասխան պարարտանյութի շուկայի մասին հարցադրումների, Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան:
«ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:
Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով:
Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված՝ Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա:
Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասն իրականացվում է ՌԴ-ից, Վրաստանից»,- հայտնել է Սմբատյանը: