Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների և Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջև տեղի ունեցած միջադեպի գործով:
Դատարանը, սակայն, տեղեկացրեց, որ վարչապետը նիստին չի ներկայացել, քանի որ մասնակցում է Ազգային ժողովի նիստին:
Գործով ամբաստանյալ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ի սկզբանե համարել է, որ Նիկոլ Փաշինյանի վկայությունը որևէ էական բան չի տալու գործի ելքի համար, իսկ եթե դատախազությունը պնդում էր, որ անհրաժեշտություն կա, ապա թող ապահովի Նիկոլ Փաշինյանի ներկայությունը դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մանախը գրավով ազատ է արձակվել:
Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով այդ օրը տեղեկացրել էր. «Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա: Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը»: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Արթուր Այվազյանի մասին է, իսկ հարձակման ենթարկված անձը Հայկ Սարգսյանն է:
Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:
Աղբյուր՝ http://www.armtimes.com