«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանում իշխանության գալուց հետո առաջին անգամ հայտարարել է երկրում ղեկավար պաշտոններում կանանց նշանակման մասին: Այս մասին հայտնել է ТАСС-ը։
«Ժամանակավոր կաբինետի ղեկավարի հրամանով դոկտոր Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլի «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն, որն իր տեսակի մեջ միակ մանկաբարձական-գինեկոլոգիական հաստատությունն է Աֆղանստանում: Բարձրագույն կրթության նախարարության առաջարկությամբ և վարչապետի հավանությամբ ժամանակավոր կառավարությունում բժիշկ Արիանը նշանակվել է Շահրարի գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։
Այս նշանակումներին նախորդել են արմատականների բազմաթիվ հանդիպումները մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է կանանց մասնակցության հարցը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

