ԳԼԵՆԴԵԼ, Կալիֆոռնիա – Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, ով ընտրվել է խորհրդի անդամ։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։
39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։
«Հարավից հյուսիս և արևելքից արևմուտք գլենդալցիները մեր առջև բացեցին իրենց տները, փոքր բիզնեսներն ու սրտերը, քանի որ մենք կիսում ենք նույն տեսլականն ու հույսը մեր «Զարդ» քաղաքի ապագայի նկատմամբ: Ես երախտապարտ եմ ձեր հավատի և վստահության, ինչպես նաև հսկայական աջակցության համար, որպեսզի քաղաքապետարանում լինեմ ձեր ձայնը։ Ինձ համար պատիվ է վաստակել այս տեղը, քանի որ այն ինձ թույլ կտա ներկայացնել այն մարդկանց հրաշալի խճանկարը, ովքեր կազմում են Գլենդելը»:
«Մենք նոր պատմություն ենք գրում Գլենդելի համար՝ քաջության և կարեկցանքի ուժով: Մենք կշարունակենք միասին աշխատել՝ կառուցելու քաղաք, որը ծառայում է բոլորիս, և քաղաքապետարան, որն իսկապես ժողովրդի տունն է։ Մեր բնակիչները և փոքր բիզնեսները կստանան իրենց անհրաժեշտ և արժանի աջակցությունը, քանի որ մենք ակտիվորեն հաղթահարում ենք բազմաթիվ մարտահրավերներ: Ես անհամբեր սպասում եմ Գլենդելը ապրելու և աշխատելու համար օրինակելի քաղաք դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների իրագործմանը»:
Էլեն Ասատրյանն իրականացրել է զանգվածային քարոզարշավ՝ առանձնանալով ավելի շատ հանրային միջոցառումներ անցկացնելով, քան քաղաքային խորհրդի մյուս բոլոր քարոզարշավները միասին վերցրած, ինչպես նաև ստանալով բազմաթիվ կազմակերպությունների, ընտրված պաշտոնյաների և համայնքի ղեկավարների հավանությունը: Նրա քարոզարշավը մեծ թվով հովանավորների գրավեց, և արդյունքում, Էլեն Ասատրյանը հավաքեց ամենաշատ գումարը մյուս թեկնածուների համեմատությամբ՝ միաժամանակ մերժելով քաղաքական գործողությունների հանձնաժողովներից կամ հատուկ շահագրգիռ խմբերից ստացվող գումարները:
Էլենի՝ խնդիրներ լուծելու պատրաստակամությունը և բացասական քարոզարշավին մասնակցելուց հրաժարվելը ոգեշնչեցին Գլենդելի բնակիչների տարբեր խմբերին դուրս գալ և քվեարկել ցածր մասնակցությամբ ընտրությունների ժամանակ:
«Մենք ապացուցեցինք, որ ի վերջո միշտ հաղթում է ժողովրդի իշխանությունը, և ազնիվ ու իրական քարոզչությունը անփոխարինելի է: Մենք առանց ներողամտության հավատարիմ մնացինք ինքներս մեզ, ամուր կանգնած մնացինք մեր արժեքների ու սկզբունքների կողքին և երբեք չդիմեցինք մանր քաղաքականության և կործանարար մարտավարության՝ չնայած այն բացասականության փոթորկին, որը մենք հաղթահարեցինք»,- ասաց Ասատրյանը։ «Ես շատ հպարտ եմ մեր անցկացրած դրական ու անկեղծ քարոզարշավով և շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին մեր հավաքական հաղթանակը։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն թեկնածուներին, ովքեր համարձակություն ունեցան առաջ գնալու և իրենց գաղափարները սեղանին դնելու»։
Գլենդելի համար Էլեն Ասատրյանի առաջնահերթություններից են՝ խելացի զարգացում, որը ներառում է կանաչ տարածքներ, մատչելի բնակարաններ, կայունություն, արվեստ և քայլելու համար անվտանգ փողոցներ, փոքր բիզնեսի վերականգնում և աջակցություն, թույլտվության անարդյունավետ և ծախսատար գործընթացների վերանայում, դինամիկ արվեստների, երաժշտության և մշակույթի խթանում, երիտասարդների ձայնը լսելի դարձնել հանձնաժողովներում, քաղաքացիների էթիկայի հանձնաժողով, համայնքային իրազեկում, որը ներգրավում է բոլոր բնակիչներին, ինչպես նաև աշխատուժի ձևավորում, որն արտացոլում է այն տարբեր համայնքները, որոնց ծառայում է:
«Հուսով եմ, որ այս հաղթանակը կոգեշնչի և ցույց կտա կանանց և փոքրիկ աղջիկներին, որ նրանք տեղ ունեն կառավարությունում և քաղաքականության մեջ: Ես հանձնառու եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի օգնեմ ճանապարհ հարթել նրանց համար»,- հավելեց Էլեն Ասատրյանը:
Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։ Նա իր հետ քաղաքային խորհուրդ է բերում Գլենդելի համայնքին և դրանից դուրս ավելի քան երկու տասնամյակ ծառայելու փորձը, ինչպես նաև քաղաքականության, շահերի պաշտպանության և հասարակական գործերի բնագավառում իր մասնագիտական փորձը:
Էլեն Ասատրյանի մասին ավելին իմանալու համար այցելեք elenasatryan.com: Թարմացումների համար հետևեք սոցիալական մեդիայի օգտահաշիվներին Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում՝ @ElenAsatryan: