fbpx
Աշխարհ

Թուրքիան տարիներ շարունակ բռնի կերպով փախստականներին ուղարկել է Սիրիա

«Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ թուրքական կառավարությունը տարիներ շարունակ բռնի կերպով սիրիացի փախստականներին ուղարկել է Սիրիայի հյուսիս՝ դա ներկայացնելով որպես «կամավոր վերադարձ»՝ գրում է middleeastmonitor-ը:

Արտաքսված փախստականներից 21-ի հետ հարցազրույցների հիման վրա կազմակերպությունը պարզել է, որ Անկարան չեղարկել է նրանց հատուկ քարտերը (Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված նույնականացման և պաշտպանության փաստաթղթեր), հինգ տարով արգելել է փախստականների մուտքը, սառեցրել է նրանց բանկային հաշիվները և ազատել աշխատանքից։

Ներկայացնելով արտաքսված վկաներից մեկի օրինակը՝ զեկույցում նշվել է, որ գործընթացը սկսվել է փախստականների՝ առանց հիմքերի, կամայական ձերբակալություններով և կալանավորումով: «Շաբաթներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո իշխանությունները սկսել են ամեն օր հինգ երիտասարդից բաղկացած խմբեր հանել բանտից, որոնց ճակատագիրն անհայտ է»,- հայտնել է վկաներից մեկը:

Ըստ տեղեկությունների՝ բանտից ազատելուց հետո թուրքական իշխանությունը սիրիացիներին տեղափոխել է սահման և հանձնել Սիրիայի ազգային բանակին՝ Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր խմբավորմանը։ Այստեղ էլ նրանց «հարցաքննել են, ծեծի ենթարկել, նվաստացրել, հետո պահանջել են, որ ազատության դիմաց գումար վճարեն»:

Հետևելով երեք հիմնական սահմանային անցակետերին՝ Բաբ Ալ-Հավային, Բաբ Ալ-Սալամեհին և Թալ Աբյադին վերաբերող պաշտոնական լրատվամիջոցների հրապարակած տվյալներին ու վիճակագրությանը, «Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» կազմակերպությունը պարզել է, որ 2019-ից 2021 թվականներին թուրքական իշխանությունները հարկադրաբար մոտ 155 000 մարդ է վերադարձրել Սիրիա:

Աղբյուրը՝ 1lurer.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ