Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչպես են փակցվել այդ պաստառները:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
1. Քոնիայի քաղաքապետարանին պատկանող կանգառներում պաստառներ են փակցվել, որոնք ռասիզմ և ատելության քարոզ են պարունակում: Ինչպե՞ս կպարզաբանեք:
2. Մինչև այդ պաստառների փակցնելը դրանք ուսումնասիրվե՞լ են Քոնիայի քաղաքապետարանի կողմից:
3. Ձեր նախարարության կողմից հետաքննություն սկսվե՞լ է քաղաքապետարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք համաձայնություն են տվել այդ պաստառները փակցնելուն:
4. Ձեր նախարարությունը հետաքննություն սկսե՞լ է «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» նկատմամբ, որոնք ատելության քարոզ են իրականացրել:
5. Ձեր նախարարությունը քաղաքային իշխանություններում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում ատելության խոսքն արգելելու համար:
6. Ատելության քարոզի տարածման տեսանկյունից չե՞ք կարծում, որ դուք էլ եք այն մարդկանց թվում, ովքեր իրենց ազդեցությունն ունեն ատելության խոսքի հաճախակի օգտագործման մեջ:
Թուրքիայում «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ: