Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Ջերմաէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ:
Այս մասին հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։
«Այս գիշեր վթար է տեղի ունեցել Բիշքեկի ջերմակայանում։ Նախնական տվյալներով՝ պայթել է կաթսաներից մեկը։ Թե որն է եղել պայթյունի պատճառը, դեռ հայտնի չէ։ Հինգ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։ Մայրաքաղաքի դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են առցանց ուսուցման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Եվս մեկ մարդ գտնվում է այրվածքների բաժանմունքում և միջին ծանրության վիճակում է, մյուս երկուսի վիճակը համեմատաբար թեթև է:
Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ջապարովը միջադեպի պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել պաշտոնական այցն ու Ալմաթիից վերադառնալ Բիշքեկ, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Նշվում է, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը իրավիճակը պահում է անձնական վերահսկողության տակ։