Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 22-ին, Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, փորձելով փարատել հանրության շրջանում եղած այն կասկածները, որ դրա արդյունքում Հայաստանը մեծ ֆինանսական բեռի տակ է ընկնելու (շրջանառվում է 1 միլիարդ դոլարի մասին լուրը), նշել է․
«Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով»։

