ՀՀ ՊԵԿ-ն իր դիրքորոշումն է հայտնել բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ։
Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս փուլում ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։
Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը:
Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։
Կոմիտեն, հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով, այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։