ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կանխվել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ:
Ըստ ՊԵԿ-ի հայտարարության, մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը: Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Իրանի քաղաքացիներ Ն.Ծ.-ի և Շ.Շ.-ի կողմից շահագործվող բեռնատարները:
Հսկողության արդյունքում մաքսավորները բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերել են մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:
Նշված դեպքով ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: