ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ վճարողներին ներկայացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման շրջանառությունների, տարածքների վարձակալության վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների մասով ռիսկային երևույթներին: Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ներկայացվել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը», – ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթավորման հետ կապված խնդիրները և վերացնել մնացած բոլոր ռիսկային երևույթները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող հարկային վարչարարության գործիքների կիրառումից:
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են հայտնել շտկել թերացումները: