fbpx
Հարցազրույցներ

Պետք է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները. Փաշինյանի հարցազրույցը «Ռոսսիա 24»-ին

Հայաստանի համար կարևոր է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխադարձ պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ երկրները ստանձնել են միմյանց նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի գործընկերների առաջ, և գործընկերներն ունեն Հայաստանի առաջ, որոնք Հայաստանն ունի կազմակերպության առաջ և կազմակերպությունը՝ Հայաստանի: Դա մեզ համար շատ կարևոր հարց է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ դիրքորոշում ունեն որոշ ՀԱՊԿ անդամ-երկրներ Ղարաբաղի հարցում, ինչու են Հայաստանի դե յուրե դաշնակիցները տարբեր միջազգային հարթակներում քվեարկում Հայաստանի շահերի դեմ: Հայաստանը, նրա խոսքով, նման բան չի անում: «Իհարկե, ռազմատեխնիկական և ռազմավարական իմաստով ՀԱՊԿ-ում մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, բայց մեզ համար կարևոր է հստակեցնել նաև մյուս գործընկերների դիրքորոշումները և՛ կոնկրետ ղարաբաղյան հակամարտության հարցում, և՛ ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության առումով»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ առաջացած աղմուկին՝ Փաշինյանն ասել է, որ դա «այնքան էլ կարևոր հարց չէ», կարևորը կազմակերպության հեղինակությունն է:

«Դա զուտ գլխավոր քարտուղարի թեկնածուի կամ անձի հարց է, դա ամենակարևոր հարցը չէ, և եթե ուզում եք, այնքան էլ կարևոր հարց չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Եվ ես ցանկանում եմ ասել, որ դա շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար: Եվ մեր գլխավոր նպատակն է բարձրացնել ՀԱՊԿ հեղինակությունը ոչ միայն քաղաքական առումով, այլև ռազմական-ռազմավարական առումով: Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասնել այդ նպատակին»,- ասել է նա:

Փաշինյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հիմնական նպատակն է ապահովել հայկական բիզնեսի լիարժեք հասանելիությունը եվրասիական շուկա: Մյուս կողմից, նրա խոսքով, Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել Եվրամիության հետ առևտրատնտեսական հարաբերություններից արդեն եղած ձևաչափերով, բայց դա չի լինի ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների հաշվին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ