Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից:
Ինչպես հայտնի է, դեռևս 2015 թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի՝ Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին: