2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երկու որդիներին կորցրած Ալլա Ստեփանյանը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել: Նա պահանջում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լուծում գտնի որդիների շիրմաքարերի պատրաստման հարցում, որի համար 12,000 դոլար է փոխանցել, սակայն գումարը յուրացվել է: Ալլա Ստեփանյանը նշել է, որ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել, սակայն դատական նիստերը պարբերաբար տապալվում են, ինչը նրան ստիպում է շարունակել պայքարը:
Կինը նաև դիմել է Արդարադատության նախարարություն, սակայն ստացել է պատասխան, որ հարցը նախարարության գործառույթների շրջանակում չէ: Ալլա Ստեփանյանը հույս ունի, որ վարչապետը կհանդիպի իրեն և հարցին անհապաղ լուծում կտա: Նա նշել է, որ եթե հունվարի 20-ին նախատեսված դատական նիստը կրկին հետաձգվի, պատրաստ է նստացույց իրականացնել:

