Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և էներգետիկ նախագծերի իրականացումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկները, որոնց ծանոթացել է ռուսական կողմը, կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար։ Թուրքիայի նախագահը, իր հերթին, հայտնել է բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով Ստամբուլի հարթակի դերը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները այս հարցի շուրջ։
Էրդողանը նաև ներկայացրել է իր տպավորությունները «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից և մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքները։ Նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները՝ քննարկվող հարցերի շուրջ։
Հարկ է նկատել, որ չնայած առանձին տարածաշրջաններում ունեցած ռազմաքաղաքական մրցակցությանը՝ Թուրքիան և Ռուսաստանը, միևնույնն է, մշտապես կարողացել են իրենց շահերը համադրել այնպես, որ միմյանց գոյությանը ոչինչ չսպառնա։ Այդ տերությունները երբեք կաշկանդված չեն եղել Ուկրաինային կամ մի այլ երկրի օգտագործել որպես մանրադրամ իրենց շահերը համադրելիս երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու համար։

