ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան․ հրավերն ընդունվել է: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրադրությունը Սիրիայի հյուսիսում:
«Մասնավորապես ընդգծվել է թուրքական բանակի ստորաբաժանումների և Սիրիայի կառավարության զինուժերի միջև բախումների կանխման անհրաժեշտությունը»,-հավելել են Կրեմլում:
Բացի դրանից՝ Պուտինը և Էրդողանը հանդես են եկել հօգուտ Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման և մտադրություն են հայտնել նպաստելու ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնևում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաև նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: