fbpx
Հասարակություն

Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը, հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը։

Գիշերը փակվել է նաև Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Շարժման մասնակիցները Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, նշելով՝ «այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև մայրաքաղաքին»։

Նման կերպ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում Տավուշում ընթացող սահմանազատմանը։ Նշում են, որ միակողմանի զիջումներ են արվում, անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում։ Գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:

Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։ Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան – Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ