Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Քաղաքական “քֆուրը” միայն առաջին հայացքից է քաղաքական սուր դիրքորոշման, արմատական ընդդիմության խորհդանիշ: Իրականում ճիշտ հակառակն է հաճախ՝ “քֆուրը” սրության սուրոգատն է, երբ իրական սրություն, իրական հակադրություն չկա:
Այսօր՝ իրական քաղաքական հակադրություն մեծ հաշվով չկա Հայաստանում: Կա մրցում՝ Ցարիբոգի համար ավելի հավատարիմ ներկայացուցչի դիրքը զբաղեցնելու համար: Այս մրցումը բազմաշերտ է, ներառնում է արտաքուստ իրար հակադիր դիրքավորումները, հիմնական խորոշ խաղացողներին, և ունի իր խմբային փուլն ու փլեյ օֆը:
Դրա համար չկա, ոչ իրական հակադրություն, ոչ էլ իրականան բովանդակային վեճ:
Ի՞նչը քննադատեն:
Օրինակ իշխանությունն ասում է՝ բանակ ենք բարեփոխում ռուսների օգնությամբ: Բա մեկը հո չի՞ հարցնի, էդ ի՞նչն եք բարեփոխում ու ինչո՞վ: 20 տարուց ավել էս երկրի բանակն ռուսական մոդելով չի՞ կառուցվել, որ հասել է էս օրի: Հիմա թույնը թույնո՞վ եք բուժում: Իհարկե, չի ասի: Իշխանությունն ասում է, քննադատները կուլ են տալիս:
Կամ ասում է, բա Սյունիքում երկրորդ ռուսական բազա ենք դնում: Ու հո մեկը չի ասում, իսկ կարո՞ղ է միանգամից Հայաստանի Հանրապետությունն էլ հռչակեք, բազա, ու պրծնեք: Չէ, լռում են:
Դրա համար չկա նաև պատերազմի ծագման, զարգացման և ավարտի վերլուծություն: Ո՞նց լինի, եթե մենակ մի ոտանի կապույտ կենգուրուն կարող է չհասկանալ որ այդ վերուծությունն անհնար է առանց ռուսների դերի բացահայտման:
Ու օրինակները, կարելի է էլի շարունակել ու շարունակել:
Գիտեմ, հասկանում եմ: Նորից ու նորից հին ու մաշված սովետական մեղադրանքներ՝ “հակառուսականություն” և այլն: Դրանք ինձ չեն կպնում: Ինձ ռուսականն ու հակառուսականը չեն հետաքրքրում, ինձ հայկականն է հետաքրքրում ու իրավիճակի իրական հասկացությունը: Եվ էս դեպքում իբր շատ սուր, բայց իրականում չգո ներքին պայքարի քարտեզը:
Հայաստանում, կրկնեմ, այս պահին չկա իրական քաղաքական հակադրություն, բանավեճ խոշոր ուժերի կողմից, այլ կա միայն գեներալ-գուբերնատորի մրցույթ: Ու քանի որ չկա իրական քաղաքականը, բովանդակայինը, ապա այն փոխարինվում է՝ ով ավելի ուժեղ “քֆուր” կտա թեմայով, այսինքն՝ դատարկությամբ և պայքարի իմիտացիայով:
Իսկ հայ ժողովորը դեռ սպասում է:
Եղածի իրատեսական, խորը, բայց և մատչելի վերլուծության
Իրավիճակի, դրա մեծ վտանգների և հնարավորությունների գնահատականի
Ելքի ծրագրի՝ բխած առաջին երկու կետից»,- ասված է գրառման մեջ։