Քաղաքական հնոցում կոփվում է իշխող վարչախմբի «հնգամյա նոր պլանը»

Հրապարակող՝

,

Karapetyan-Pashinyan

Կամ խոսք այն մասին, թե ինչ գույնով գունազարդել Հայաստանի ներքաղաքական կյանքը, եթե 2026 թ․ ընտրություններում «սևերը» չերաշխավորեն «սպիտակների» վերարտադրությունը։

Ռուսաստանյան հայտնի գործարար, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը օրեր առաջ երկարաձգվեց ևս երկու ամսով: Այդ կալանքի շարժառիթն, անշուշտ, Կարապետյանի այն հայտարարությունն էր, որտեղ նա հանդես էր գալիս ի պաշտպանություն իշխող վարչախմբի կողմից հետապնդումների ենթարկվող Հայ Առաքելական Եկեղեցու։ Կարապետյանի՝ հստակ արտահայտված այդ դիրքորոշումը և Հայաստանի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն բերելու նրա անսքող ցանկությունն առիթ դարձան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ցուցումով իրավապահ մարմինները լծվեն այս նոր մրցակցին չեզոքացնելու գործին:

Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 20-ին հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ քննադատության էր ենթարկվում Նիկոլ Փաշինյանը։ Տեսանյութի վերնագիրը՝ «Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, Սամվելը՝ քո մասին», նպատակ ունի հանրության ուշադրությունը բևեռել այն գաղափարի վրա, որ ներքաղաքական զարգացումներում Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը Սամվել Կարապետյանն է:

Այն, որ Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության պահպանման մասին, գիտեն բոլորը։ Նա, ինչպեսև նրա ամբողջ թիմը, հետդարձի բոլոր կամուրջներն այրել են վաղուց և պատրաստ են ամեն գնով իրենց ձեռքում պահել պետական կառավարման լծակները։ Սակայն, կարծել, որ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ թե մտածում է Հայաստանում իր իշխանության հաստատման մասին, այլ միայն՝ ժողովրդի (ժողովրդի իշխանության), նման միտքը կարող է պարզապես ժպիտ առաջացնել գիտակից մարդկանց շրջանում։ Բայց գլխավոր հարցն այստեղ այդ կեղծ՝ անձիշխանությո՞ւն, թե՞ ժողովրդաիշխանություն, երկընտրանքն անգամ չէ։ Առավել կարեւոր է հասկանալ, թե ինչ քաղաքական այլընտրանք է մեզ առաջարկում Սամվել Կարապետյանը՝ մտնելով «սևերի ու սպիտակների», կամ որ նույնն է՝ «մատի եւ մատանու» արանքը։

Իսկ Սամվել Կարապետյանի քաղաքական առաջարկը երևակվում է նրա կերպարի բնութագրիչների մեջ։ Սիրով ներկայանալով որպես ռուսաստանյան խոշոր գործարար և Մոսկվայում քաղաքական ու բիզնես էլիտաների հետ սերտ կապեր ունեցող գործիչ՝ նա այդ կերպ իր քաղաքական կարիերան, իսկ ներքաղաքական պայքարում հաղթելու դեպքում՝ Հայաստանի ապագան, կրկին կապում է դեպի անհայտություն շարժվող Ռուսական կայսրության շոգեքարշին, այնպես, ինչպես «նախկիններն» էին անում տարիներ շարունակ։ Հենց այսպիսի կերպարով առանձնանալով՝ նա իշխող վարչախմբի համար դառնում է անգին մի նոր «գանձ», որի անվան պարբերական շրջանառությունն ուղղակիորեն ամրացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը 2026 թ․ընտրություններին ընդառաջ։ Այդ իսկ պատճառով, որքան էլ Սամվել Կարապետյանին վերապահվի «մեծ բարերարի» կամ «խոշոր գործարարի» բարի համբավ, Հայաստանյան հանրության համար, նա դառնում է մի օլիգարխ, ում տարբեր թելերով խաղացնում է Կրեմլը։

Ո՞ւմ է դա ձեռնտու։ Թվում է միայն Հայաստանի իշխող ուժին։ Սակայն, դա ձեռնտու է արտաքին բոլոր ուժերին։ Անխտիր արտաքին բոլոր ուժերի շահերից է բխում Հայաստանի տիտղոսային ընդդիմության ռուսական ծիրում մնալը։ Ընդ որում, պետք է ելնել այն վիճակից, որ քաղաքական դաշտում «սևերի» ներկայությունը կորցնում է իր արդիականությունը, քանի որ հետզհետե փոքրանում է այն վստահությունը, որը կար հանրության որոշ շերտերի մոտ։ Պարզ է դառնում, որ քաղաքական մի նոր գույնի ի հայտ գալով՝ կրկին երաշխավորված կդառնան բոլոր այն «ակտիվները», որոնք արտաքին ուժերի կողմից վերջին տարիներին հետևողականորեն ներդրվում են Հայաստանում Նիկոլի Փաշինյանի անսկզբունք ու կամակատար վարչախմբի միջոցով։

Այդ ճանապարհով Ռուսաստանը կրկին կմնա խաղի մեջ՝ սեփական անկումը կանգնեցնելու պարագայում հույս փայփայելով, որ ապագայում կկարողանա ներգրավվել մեր երկրի ներքաղաքական կյանքին Հայաստանի տիտղոսային այդ նոր ընդդիմության միջոցով։ Այդպես Թուրքիան նույնպես կմնա խաղի մեջ՝ գործելով Փաշինյանի թիմի միջոցով ու Հայաստանի համար դառնալով «ատելի» Ռուսաստանի եւ «երկդիմի ու հեռավոր» Արևմուտքի «շահավետ» այլընտրանքը։ Այդպես Արևմուտքը նույնպես կմնա խաղի մեջ՝ Հայաստանի գլխին մշտապես կախելով ռուսական մահակի վտանգը, եթե վերջինս փորձի դուրս գալ տարածաշրջանային այն ծրագրերից, որոնք բյուրեղանում են Ղարաբաղյան հակամարտության 2023 թ․ հանգուցալուծումից հետո։

Ամենաթարմ