Ի դեպ․ Քաղաքականության մեջ հետևողական ագրեսիան միշտ հաղթում է պարբերական «զարմանքին» և ռազմավարական կուրությանը

Հրապարակող՝

,

Yana Mantasheva
Որոշ հայերի՝ Ալիևի հայտարարություններից ի հայտ եկող զարմանքի մասին Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում
«Քաղաքական» մեծ ու գերբնական հատկություններով օժտված ինքնակոչ վերլուծաբաններն էնպես են զարմանում այսօրվա Ալիևի հայտարարությունների վրա, կարծես թե դրանք առաջին անգամ են լսում։ Եթե Ձեզ համար այսօր Ալիևի շրջանառած «Արևմտյան Ադրբեջան»-ի թեզը և այն, որ իբրև թե Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգությունն է ոչնչացվում, զարմանալի է, ապա կա՛մ դուք իրոք բացարձակ որևէ բան չեք հասկանում քաղաքականությունից, կա՛մ այդ «զարմանքը» ծառայում է Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ձեր ներքին նպատակին։ Ձեր այն արդարացումը, թե «մենք դե անզնիվ խաղաղություն ենք ուզում ու տենչում, իսկ ահա Ալիևը, նայեք, այսօր ինչեր է հայտարարում», ամբողջությամբ անհամոզիչ է։ Գոնե մեզ էշի տեղ մի՛ դրեք։ Երևի ամնեզիայով եք տառապում, հիշեցնեմ՝ գործում է «Община Западного Азербайджана» (Արևմտյան Ադրբեջանի Համայնք) կազմակերպությունը։ Միթե՞ սա էլ է ձեզ համար սենսացիոն նորություն, և տեղյակ չեք դրա գոյության մասին, թե՞ ավելի վատ՝ Ալիևի պետական քաղաքականության հետ դրա կապը չեք տեսնում։
Իրականությունն այն է, որ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան»-ի ծրագիրը քաղաքական տերմինների և պահանջների աստիճանական նորմալացման (normalization of claims) տեխնիկայի հետևողական կիրառումն է։ Այն մեկանգամյա «սենսացիոն» հայտարարություն չէ, այլ երկարաժամկետ, լավ կազմակերպված և պետական մակարդակով ֆինանսավորվող ռազմավարություն, որը քայլ առ քայլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ տարածքային պահանջներ։ Քանի դեռ հայկական կողմը հրաժարվում է ընդունել այս ռազմավարության գոյությունը և փոխարենն ընտրում պարբերական «զարմանքի» դիրքորոշումը, անհնար կլինի մշակել համարժեք և կանխարգելիչ հակաքաղաքականություն։ Դասը պարզ է՝ քաղաքականության մեջ հետևողական ագրեսիան միշտ հաղթում է պարբերական «զարմանքին» և ռազմավարական կուրությանը։

Ամենաթարմ