fbpx
Հասարակություն

Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ

Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Նաիրա Զոհրաբյանն արժևորել է վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ ընդգծելով, որ հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցության:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը 2014 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի մի բաղադրիչը նվիրված է ՀԿ-ների օրենսդրության բարելավմանը և դրանց գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը: Նշվել է, որ կազմակերպությունը մասնակցել է ՀԿ-ների մասին օրենքի մշակման աշխատանքներին, իսկ օրենքն ընդունվելուց հետո դիտարկել է ենթաօրենսդրական դաշտի զարգացման միտումները: Սոնա Այվազյանը ներկայացրել է իր տեսակետը ՔՀԿ-ների նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության հարցում, անդրադարձել այս առումով միջազգային փորձագետների կարծիքներին:

«Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովն ընդգծել է, որ իրենք փորձում են կառավարություններին, խորհրդարաններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել գտնելու դաշտի կանոնակարգման լավագույն լուծումները՝ իրենց երկրների պայմաններին համահունչ: Նա կարևորել է ՀԿ-ներին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելը, կամավորությունը որոշակի կանոնակարգման ենթարկելը: Լյուբեն Պանովը տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են Պետական եկամուտների կոմիտեի հետ, ներկայացնում ոլորտի խնդիրների լուծման դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով հանրային քննարկումները, երկխոսությունը քաղհասարակության և իշխանությունների միջև: Ըստ նրա՝ պետք է հավասարակշռություն պահպանվի հաշվետվողականության, բաց տեղեկատվության և անձնական տվյալների գաղտնիության միջև:

Հանձնաժողովի անդամների հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել անհատ դոնոր կազմակերպությունների գործունեությանն ու ֆինանսավորմանը, նվիրատվությունների ֆոնդի ձևավորմանը, ՀԿ-ների ֆինանսավորման համամասնությանը, ՀԿ-ների տնտեսական գործունեության հնարավորությունների իրացմանը ու պետական ֆինանսավորման աղբյուրներին, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների ֆինանսական թափանցիկությանը և հաշվետվողականությանը, կեղծ լուրերի խնդրին և ոլորտի կանոնակարգմանը վերաբերող այլ խնդիրների:

Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ավարտին վստահեցրել է, որ բոլոր առաջարկներն և գաղափարները հանձնաժողովում կքննարկվեն, դրանց մի մասն օրենսդրական փոփոխությունների հիմք կդառնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ