fbpx
Իրավական

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ կհայտնեն դատավոր Աննա Դանիբեկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։

Ըստ որոշման՝ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Դատարանի որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ և՛ նախորդ, թե՛ այսօրվա որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ։

«Դատարանն այսպիսով դարձել է գործիք Պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք»,-հավելեց նա։

Պաշտպանը պնդեց, որ իր ասածի հիմնավորումները բազմիցս ներկայացվել են, իսկ հիմա այդ ճնշումներն արվում են բացահայտ կերպով։

«Նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացրած ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, և Դուք հիմա այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Այստեղ դատարան բովանդակային տեսքով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց փաստաբան Ալումյանը։

Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունները՝ դռների տակ վնգստացող դատավորների առկայության մասին, Ալումյանն ասաց՝ մտադիր են միջնորդություն ներկայացնել, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի։

«Այսօր ես դիմել եմ պարոն Վարդազարյանին, որպեսզի հրապարակի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։ Բայց նախքան ինձ դա կտրամադրեն, հուսով եմ, կտրամադրենք, հարգելի դատարան, ուզում եմ Ձեզանից ճշտել, Դուք անձամբ էդ ցուցակում կա՞ք, թե՞ չկաք»,-ասաց Ալումյանը։

Դատավորն արձագանքեց՝ Ալումյանի խոսքերը վիրավորանք են դատարանի նկատմամբ, ինչին պատասխանելով՝ փաստաբանը նշեց, որ դատավորը չի վիրավորվել, երբ հայտարարությունն արել են վարչապետն ու ԲԴԽ նախագահը, իսկ ինքն ուղղակի կրկնում է նրանց ասածները։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ