Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, մերժել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

