fbpx
Խորհրդարան

Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ

Մոտ երկու ամիս ճաղերի ետևում գտնվող Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր այդ օրակարգով նիստ անցկացրեց։ Հիմք ընդունելով քրեական հետապնդման ենթարկված այլ պատգամավորների հարցով Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու փաստաբանները համոզված են, որ կրտսեր Քոչարյանը մանդատը ստանալուց հետո ազատ կարձակվի։

Ավելի քան 10 օր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Անցած շաբաթավերջին դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։

Նրան նախորդող երեք թեկնածուները մանդատից միաժամանակ հրաժարվելու բացատրությունները հրապարակել էին Ֆեյսբուքում։ Հոգեբան Մադաթյանը հիմնավորել է՝ եթե մանդատը վերցնի, չի կարողանա աշխատել մասնագիտությամբ։ Նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը որպես ինքնաբացարկի պատճառ նշել է Ազգային ժողովից դուրս գալու՝ կուսակցության անցած նոյեմբերին կայացրած որոշումը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն է միայն իր գրառման մեջ քաղաքական ակնարկ արել. «Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում»։

Այլ փակագծեր Վարդանյանը չի բացել։

Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեև ինքը հակառակն է պնդում, որ իրեն են հարվածել: Նախկին նախագահի որդին չի ընդունում մեղադրանքը: Ե՛վ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, և՛ Քոչարյանի փաստաբանները «Ազատությանը» փոխանցեցին՝ մեկնաբանություններ կհնչեն երկրորդ նախագահի որդուն ազատ արձակելուց հետո։

Եթե կրտսեր Քոչարյանն ազատ արձակվի, գլխավոր դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ Լևոն Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու և նրան նորից կալանավորելու միջորդությամբ։ Գլխավոր դատախազությունից այսօր հրաժարվեցին ասել՝ այս սցենարի դեպքում պատրաստվում են դիմել խորհրդարան, թե՝ ոչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ