Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երշախավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Խոսքը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակներում կաշառք վերցնելու մասին է: Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին, իսկ սպանությունը կատարելու համար մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
– Տիկին Սահակյան, դատական նիստերի ընթացքում պարբերաբար Շուշանյանի կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություններ էին ներկայացվում դատարան, և դատարանը դրանք մերժում էր: Այժմ դատարանը ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, որ այս դեպքում պատգամավորների անձնական երաշխավորությունը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ:
– Շատ տարօրինակ էր մեզ համար, որ դատարանը նման որոշում կայացրեց, նույնիսկ տարօրինակ էր, որ պարբերաբար նման միջնորդություններ էին ներկայացվում, որովհետև որևէ հանգամանք չէր փոխվել, որպեսզի դատարանը կարողանար իր նախորդ կայացրած որոշումից տարբերվող որոշում կայացնել: Այդ դատական նիստից, որքան հիշում եմ՝ ընդամենը երկու դատական նիստ առաջ նորից նույն միջնորդությունը ներկայացվել էր. այն ժամանակ 6 պատգամավոր էին միջնորդել, և դատարանը գտել էր, որ թույլատրելի չէ խափանման միջոցը փոփոխել: Նկատի ունենալով գործի հանգամանքները, թե ինչ գործի մասին է խոսքը և ում մասին, որևէ կերպ հնարավոր չէր պատկերացնել, որ որևէ դատարան կարող է փոխել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը, որովհետև եթե նկատի ունենանք որ քրեական գործով հիմնավորվել է, որ նույն գործի քննության ընթացքում Թաթուլ Շուշանյանը և մյուս անձինք կատարել էին գործողություններ, որպեսզի խեղաթյուրեին փաստերը, այսինքն՝ հիմնավորված է արդեն իսկ, որ քրեական գործին խոչընդոտելու ռիսկը առկա է և արդեն ոչ թե ռիսկի մասին է խոսքը, այլ նույնիսկ ապացույցներ կային արդեն, որ անձինք կատարել են նման գործողություններ: Ավելին՝ նույնիսկ մեղադրող կողմը բերել էր Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումը, համաձայն որի՝ ԵԴ-ն գտել էր, թե նկատի ունենալով, որ նա մեղադրվում է այնպիսի գործողություններ կատարելու համար, որը ի պաշտոնե էր և փաստերի խեղաթյուրմանն էր վերաբերվում, պետությունը իրավունք ունի անձին զրկելու ազատությունից և տրամաբանական է, որ նա զրկվել է ազատությունից: Տվյալ պարագայում դատարանի համար համոզիչ էր բնականաբար եղել, որ Թաթուլ Շուշանյանը պետք է գտնվի անազատության մեջ և որևէ այլ խափանման միջոց չի կարող փոխարինվել կալանքին: Ոչինչ չէր փոխվել, բացարձակ, բացի այն, որ հարցաքննվել էին, եթե չեմ սխալվում՝ երկու կամ երեք վկա և դեռ բազամաթիվ վկաներ կան, որ պետք է հարցաքննվեն, և նման պարագայում դատարանը կայացրել է որոշում: Ընդ որում՝ նշեմ, որ որոշումը որևէ կերպ ըստ էության պատճառաբանված չէ, թե ինչու, ինչ իրավիճակ փոխվեց, որ դատարանի համար արդեն այս փուլում թույլատրելի համարվեց խափանման միջոցի փոփոխությունը:
– Իսկ հարցաքննված երկու կամ երեք վկաները գործի համար էական նշանակություն ունեցող վկանե՞ր էին, որոնց վրա կարող էր Շուշանյանը ազդել:
– Ոչ, կան բազմաթիվ վկաներ դեռևս հարցաքննվող, որոնք շատ ավելի կարևոր, էական ցուցմունքներ են տալիս, մասնավորապես օրինակ Արթուր Մնացականյանը (խոսքը Վահագն Ավբգարյանի աջ ձեռքը համարվող Արկոյի մասին է,-հեղ.), նա այն անձն է, որը ուղիղ ցուցմունք է տալիս կաշառքը վերցնելու, հետագայում այդ գումարները հետ ստանալու վերաբերյալ, որը դեռևս հարցաքննված չէ: Ավելին՝ կան չհարցաքննված վկաներ, որոնք նույն Թաթուլ Շուշանյանի աշխատակիցներն են եղել, այսինքն՝ նրանց վերադասն է հանդիսացել, որոնց վրա իհարկե նա կարող է ազդեցություն գործադրել և նաև այդ վկաները հարցաքննված չեն, ուստիև ակնհայտ է, որ դատարանը այս փուլում հատկապես չէր կարող կայացնել նման որոշում:
– Մայր գործով, որով առնցքային մեղադրյալ է Ալավերդցի Վահագն Աբգարյանը, ի՞նչ փուլում է դատաքննությունը:
– Ապացույցների հետազոտման կարգը սահմանվել է այնպես, որ սկսել ենք գործի նյութերի հրապարակումից և հրապարակվում են գաղտնալսումները, որոնցով հիմնավորվում է Վահագն Աբգարյանի կատարած մեղքը և նշեմ, որ շատ թեժ է ընթանում դատական նիստը, և դա տրամաբանական է, որովհետև Վահագն Աբգարյանը յուրաքանչյուր անգամ լսելով այդ ապացույցները, որոնցով հիմնավորվում է իր մեղքը, այլ ձև չի գտնում պաշտպանվելու. բնականաբար, չի կարող ներկայացնել, որ այդ ապացույցները իրականությանը չեն համապատասխանում: Չնայած բոլոր դատական նիստերին նա ընդունում էր այդ ձայնագրությունները և ասում էր, որ հետագայում ինքը կպատճառաբանի, թե ինչով է դա պայմանավորված, սակայն նախորդ դատական նիստին արդեն ստիպված ասաց, իբև թե կեղծված են այդ զննության արձանագրությունները, չնայած նաև փորձաքննության եզրակացություն հրապարակվեց, որով հիմնավորվում է, որ դա Վահագն Աբգարյանի ձայնն է:
– Վահագն Աբգարյանը ո՞ւմ հետ զրույցի ընթացքում էր գաղտնալսվել:
– Տարբեր անձանց հետ զրույցում է գաղտնալսվել, մասնավորապես Արթուր Մնացականյանի, Թաթուլ Շուշանյանի, քննչական գլխավոր վարչության քննիչներից Արտակ Հովհաննիսյանի, բացի դրանից գաղտնալսումներում կան նաև ծնողները, որոնց հետ նորից այս գործն է քննարկում և նաև Վլադիմիր Դավթյանի (Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող) հետ խոսակցություններն են, որտեղ նա ցուցումներ է տալիս, թե կոնկրետ Վլադիմիր Դավթյանը ինչպիսի ցուցմունքներ պետք է տա, այդ ամբողջ ընթացքում քննարկվում է, թե Արթուր Մնացականյանը ինչ ցուցմունքներ պետք է տա: Բացահայատվում են այն իրավիճակները, որ նա կոնկրետ հարաբերություններ է ունեցել Թաթուլ Շուշանյանի հետ, փորձել են ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) որակել, հետագայում գաղտնալսումերը այն փուլում են ընթանում, երբ որ արդեն ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասը վերաորակվել է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով. նա փորձում է Վլադիմիր Դավթյանին համոզել, որ եթե չկարողանան այս փուլում (նախաքննության,-հեղ.) դատարանում իրենք կլուծեն այդ հարցերը: Գաղտնալսումներում կան տեղեկություններ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձ կատարելու վերաբերյալ:
– Ովքե՞ր են այդ պաշտոնատար անձինք:
– Թաթուլ Շուշանյանը, նաև բազմաթիվ խոսակցություններ կան, որտեղ հոլովվում են Արամ Թամազյանի (Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալը,-հեղ.), Աղվան Հովսեփյանի, Սամվել Ալեքսանյանի անունները, երբ Վահագն Աբգարյանը և Թաթուլ Շուշանյանը իրար հետ զրուցում են, խոսում են այն մասին, որ դիմել է և շարունակելու է դիմել, որպեսզի միջատմի նաև Սամվել Ալեքսանյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրները լուծվի, բացի դա այդ խոսակցություններում նաև տարբեր այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություն կա, և դրանով է պայմանավորված, որ այս գործից անջատված մաս է քննվում նաև:
– Իսկ գործում տվյալներ կա՞ն, Վահագն Աբգարյանը կապ հաստատե՞լ է վերը թվարկված պաշտոնյաների հետ:
– Այո, կան հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որտեղ հստակ երևում է, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և բազմաթիվ զանգեր կան Սամվել Ալեքսանյանի համարին: Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշ ինֆորմացիա նա իր և Սամվել Ալեքսանյանի միջև խոսակցություններից փոխանցում է իր զրուցակիցներին:
– Իսկ Սամվել Ալեքսանյանը որևէ խոստում տվե՞լ է Վահագն Աբգարյանին, որ կմիջամտի:
– Խոսակցությունից այդպես է հասկացվում, որ իրեն Սամվել Ալեքսանյանը խոստացել է միջատել:
– Աղվանի Հովսեփյանի և Արամ Թամազյանի վերաբերյալ խոսակցություններ կա՞ն:
– Բազմաթիվ խոսակցություններ կան:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ armtimes.com